2020-08-20

Բիզնես սկսելիս հայերը վախենում են ձախողվելուց․ GEM Հայաստան զեկույց

Ձեռնարկատիրության համաշխարհային զեկույցի (Global Entrepreneurship Monitor՝ GEM) շրջանակներում ուսումնասիրվում և գնահատվում են ձեռնարկատիրության մակարդակը և առանձնահատկությունները տարբեր երկրներում: 2019թ. հարցմանն առաջին անգամ 50 երկրների շարքում մասնակցեց նաև Հայաստանը: Համաձայն Զեկույցի՝ 2019թ. Հայաստանում արձանագրվել է ձեռնարկատիրության բարձր մակարդակ: Յուրաքանչյուր հինգերորդ չափահաս անձը ներգրավված է ձեռնարկատիրական որևէ սկսնակ գործունեությունում, որը 7-րդ ցուցանիշն է ուսումնասիրությանը մասնակցած 50 երկրի շարքում: Ավելին, Հայաստանի բնակչության 28%-ն զբաղվում է որևէ բիզնեսով (ինչպես սկսնակ, այնպես էլ կայացած), և այս ցուցանիշով Հայաստանը 6-րդն է 50-ից:

 

Հայաստանում ձեռնարկատիրության բարձր մակարդակը կարելի է բացատրել դրա վերաբերյալ բարենպաստ սոցիալական և մշակութային պատկերացումների առկայությամբ, ինչպես նաև նրանով, որ Հայաստանում, հատկապես մայրաքաղաքից դուրս, եկամուտ վաստակելու այլ հնարավորությունները սակավաթիվ են: 2019թ. սկսնակ ձեռնարկատիրության բարձր մակարդակի մեկ այլ պատճառ կարող են լինել 2018թ. քաղաքական փոփոխությունները, որոնք նպաստեցին բնակչության շրջանում ապագայի նկատմամբ լավատեսության աճին:

 

Հայաստանում ձեռնարկատիրության ճյուղային կառուցվածքի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ ըստ ձեռնարկատիրության արտադրողականության՝ Հայաստանը վերջին դիրքերում է: Ի տարբերություն 2019թ. հարցմանը մասնակցած երկրների մեծամասնության, Հայաստանում ձեռնարկատիրությունը կենտրոնացած է 2 հիմնական ճյուղում՝ գյուղատնտեսությունում և առևտրում, ընդ որում ամենացածր արտադրողականությունն ունեցող ճյուղի՝ գյուղատնտեսության մասնաբաժնով Հայաստանն առաջին տեղում է, իսկ ամենաբարձր արտադրողականությունն ունեցող ճյուղի՝ բիզնես ծառայությունների մասնաբաժնով՝ վերջին տասնյակում: Ի հաշիվ գյուղատնտեսության՝ գյուղական բնակավայրերում ձեռնարկատիրության մակարդակն ավելի բարձր է, քան Երևանում: Նշենք, որ գյուղական վայրերում ակտիվ ձեռնարկատիրության պատճառներից մեկն է նաև եկամտի այլ աղբյուրների բացակայությունը: Երևանից դուրս աշխատատեղերի սակավությունն ընդհանուր սոցիալ-տնտեսական պայմանների հետ մեկտեղ կարող է բացատրել, թե ինչու Հայաստանում ձեռնարկատիրությամբ զբաղվելու ամենամեծ շարժառիթներից մեկն է «ապրուստ վաստակելը, որովհետև աշխատանք չկա», մինչդեռ «աշխարհում մի բան փոխելու» շարժառիթն ամենավերջին տեղերում է:

 

Հայ ձեռներեցների ընդհանուր նկարագիրը նման է այլ երկրների ձեռներեցներին՝ գերակշռում են երիտասարդները և մի փոքր տարբերությամբ՝ տղամարդիկ: Հայաստանում ձեռնարկատիրության կարևոր առանձնահատկություն է ձախողվելու վախը, որի պատճառով շատերը նախընտրում են բիզնեսով չզբաղվել: Սա թերևս կարելի է բացատրել հայկական բիզնես մշակույթով, որտեղ բիզնեսը նույնացվում է դրա սեփականատիրոջ հետ, և բիզնեսի ձախողումն ընկալվում է որպես անձնական ձախողում:

 

Նշենք, որ չնայած սկսնակ ձեռնարկությունների մեծ թվին, կայացած բիզնեսի մակարդակով Հայաստանը միջին դիրքերում է: Սա նշանակում է, որ երկրում շեշտը պիտի դրվի սկսնակ բիզնեսին սատարելու և վերջինիս զարգացման համար ավելի նպաստավոր պայմաններ ստեղծելու վրա: Ի թիվս Հայաստանում ձեռնարկատիրության զարգացման այլ հիմնախնդիրների՝ նշենք նաև հետևյալները՝ (1) ձեռնարկատիրական կրթություն, (2) հետազոտությունների և մշակումների ներդնում, (3) պետական աջակցության ծրագրեր և (4) ձեռնարկատիրության ֆինանսավորում:

 

Ֆինանսավորման հարցը կարևոր է, բայց այն մասամբ լուծվում է ի հաշիվ «ոչ ֆորմալ» ներդրումների (ընտանիքի անդամների և ընկերների) կողմից: Հարցմանը մասնակցած փորձագետները «թավշյա հեղափոխությունից» հետո արձանագրել են պետական քաղաքականության բարելավում (հարկային ռեժիմ, պայքար ընդդեմ բյուրոկրատիայի, որը տասնամյակներ շարունակ համարվում էր Հայաստանում ձեռնարկատիրության զարգացման հիմնական խոչընդոտը), բայց դրա հետ մեկտեղ կարիք կա նաև պետական աջակցության թիրախային ծրագրերի և բնակչության շրջանում ձեռնարկատիրական կրթության բարելավման: Հարկավոր է նաև վերանայել բիզնեսից ելքի (բիզնեսի վաճառք և այլն) և սնանկության իրավական կարգավորումները և սահմանել վաճառքի հստակ ընթացակարգ, որը նույնպես կնպաստի ձեռնարկատիրությանը և կխրախուսի նրանց, ովքեր պատրաստ են բիզնես սկսել, բայց չեն սկսում՝ վախենալով ձախողվել:

 

Ձեռնարկատիրության հիմքում ընկած սոցիալական և մշակութային արժեքները

Հայաստանում ձեռնարկատիրության նկատմամբ վերաբերմունքը ձևավորող արժեհամակարգն ավելի նպաստավոր է, քան միջին պատ­կերացում­ներն աշխարհում: 2019թ. զեկույցի հարցմանը մասնակցած 50 երկրից Հայաստանը 4-րդն է ըստ «սեփական բիզնես սկսելը ցանկալի կարիերա է» դրույթի հետ համաձայնած մարդկանց թվի (87.2%), իսկ Արևելյան Եվրոպայում՝ 1-ինը: Սա լավ նախադրյալ է երկրում ձեռնարկատիրությունը զարգացնելու համար: Ուսումնասիրությունը ցույց տվեց, որ բարձր եկամուտ ունեցող երկրներում որպես վարձու աշխատող կարիերա կառուցելու հնարավորություններն ավելի շատ են, մինչդեռ միջին և ցածր եկամուտ ունեցող երկրներում մարդիկ ավելի շատ են մնում ձեռնարկատիրության հույսին:

 

Ըստ հարցման մասնակիցների՝ Հայաստանում բիզնեսի առաջնային նպատակներից մեկը սոցիալական խնդիրները լուծելն է (այս ցուցանիշով Հայաստանը 4-րդն է 50-ից), որը թերևս նպաստում է ձեռնարկատիրության նկատմամբ մարդկանց ընկալումների ձևավորմանը, հատկապես մի երկրում, որտեղ աղքատության մակարդակը բավականին բարձր է: Միաժամանակ, չնայած, որ հարցվողների 73.4% համաձայն է, որ հաջողակ ձեռնարկատերերը վայելում են ավելի բարձր կարգավիճակ և մեծ հարգանք, այս ցուցանիշով Հայաստանը միջինից ցածր դիրքում է (32-րդը 50-ից): «Նոր բիզնեսը վայելում է բարձր կարգավիճակ և մեծ հարգանք» դրույթը սերտորեն փոխկապակցված է «լրավտամիջոցներում/համացանցում հաճախ եմ լսում պատմություններ հաջողակ նորաստեղծ բիզնեսի մասին» դրույթի հետ, այսինքն՝ հաջողակ բիզնեսի առաջխաղացումը լրատվամիջոցներում նպաստում է կարգավիճակի և հարգանքի ամրապնդմանը և կարող է նպաստել նաև ազգային ձեռնարկատիրական մշակույթի ձևավորմանը:

 

Ի տարբերություն արժեհամակարգի ցուցանիշների, ձեռնարկա­տիրության վերաբերյալ սոցիալական պատկերացումներով Հայաստանը միջին դիրքում է: Մյուս կողմից, տարածաշրջանի երկրների համեմատ Հայաստանում ձեռնարկատիրության վերաբերյալ սոցիալական ընկալումները բարելավվում են. հարցման մասնակիցների 53.9% համաձայն է այն դրույթի հետ, որ «առաջիկա 6 ամսում կլինի բիզնես սկսելու լավ հնարավորություն»: Սա թերևս պայմանավորված է 2018թ. թավշյա հեղափոխությամբ, որը բարձրացրեց ապագայի հանդեպ լավատեսությունը: Հետաքրքիր է նաև, որ մարզերի բնակիչները երևանաբնակների համեմատ ավելի շատ հնարավորություններ են տեսնում, իսկ եթե դիտարկենք Համաշխարհային բանկի Ease of Doing Business ցուցանիշը, ապա վերջինս գրեթե փոխկապակցված չէ մարդկանց՝ իրենց երկրում բիզնեսով զբաղվելու վերաբերյալ ընկալումների հետ, այսինքն՝ մարդկանց անհատական պատկերացումները տարբերվում են Համաշխարհային բանկի համապատասխան զեկույցից:

 

Ձեռնարկատիրության վերաբերյալ ինքնաընկալում­ները հակա­սական են: Հայերը սեփական գիտելիքը, հմտությունը և փորձը բավականին բարձր են գնահատում (12-րդը 50-ից), բայց միաժամանակ առաջին տասնյակում են ըստ ձախողվելու վախի: Բիզնես սկսելիս ձախողվելու վախը շատ կարևոր գործոն է, որը զսպում է մարդկանց: Արևելյան Եվրոպայի երկրներից Հայաստանին այս ցուցանիշով շատ նման է Խորվաթիան: Եթե համեմատենք Ռուսաստանի և Բելառուսի հետ, ապա Հայաստանում ավելի շատ են մարդիկ, որոնք կնախընտրեն չհիմնել սեփական բիզնես ձախողվելու վախից (51%, Ռուսաստանում և Բելառուսում համապատասխանաբար 45% և 37%), անգամ եթե ի սկզբանե հայաստանցիները սեփական գիտելիքը, հմտությունը և փորձն ավելի բարձր են գնահատել (70%), քան ռուսաստանցիները (36%) և բելառուսները (42%):

 

Ձախողվելու մեծ վախը Հայաստանում պայմանավորված է թերևս ազգային բիզնես մշակույթով, որտեղ բիզնեսը հաճախ նույնացվում է դրա սեփականատիրոջ հետ, ուստի եթե այն ձախողվում է, դա ընկալվում է որպես սեփականատիրոջ անձնական ձախողում: Միգուցե սա է պատճառներից մեկը, որ Հայաստանում կապիտալի շուկան զարգացած չէ, և չկան շատ բաժնետերեր ունեցող խոշոր ընկերություններ: Բաժնեմասը կամ ընկերությունը վաճառելու, ելքի, սնանկության գործընթացները կարգավորող հստակ օրենսդրական դաշտի բացակայությունը ևս նպաստում է նրան, որ մարդիկ վախենում են բիզնես սկսել:

 

Չնայած, որ հայերն իրենց նորարար են համարում (8-րդը 50-ից և 2-րդն Արևելյան Եվրոպայի 9 երկրի շարքում), նրանք հազվադեպ են բիզնես հնարավորություններ տեսնում (11-րդը 50-ից), իսկ նրանց նախաձեռնողականությունն ու տեսլականը 50 երկրի շարքում միջին մակարդակում են: Հայաստանի նման իրենց նորարար համարող երկրներն են (հարցվողների ավելի քան 80%) Լեհաստանը, Սաուդյան Արաբիան, Իսրայելը, Հնդկաստանը, ԱՄՆ-ն, Գվատեմալան և Կոլումբիան: Հայերի շուրջ 65%-ը հազվադեպ է որևէ քայլ ձեռնարկում անգամ նպաստավոր բիզնես հնարավորության տեսնելու դեպքում:

 

Ձեռնարկատիրության մակարդակները

Հայաստանում չափահաս անձանց 28.0% զբաղվում է որևէ բիզ­նեսով, որը 6-­րդ ցուցանիշն է 2019թ. Զեկույցի 50 երկրից, ընդ որում՝ Հայաստանում արձանագրվել է սկսնակ ձեռնարկատիրության բարձր մակարդակ` չափահաս անձանց 21.0%, 7-րդը 50-ից և 1-ինն Արևելյան Եվրոպայում: Սկսնակ ձեռնարկատերերի մասնաբաժինը 14.0% է (5-րդը), նորաստեղծ բիզնեսներինը՝ 7.4% (10-րդը): Այս ցուցանիշները վկայում են, որ Հայաստանում 2019թ. սկզբում ձեռնարկատիրությունն ակտիվացել է:

 

Ըստ սկսնակ ձեռնարկատիրության Հայաստանն առաջին տասնյակում է թե՛ տղամարդկանց, թե՛ կանանց առումով, սակայն համեմատությունը ցույց է տալիս, որ Հայաստանում կանանց ներգրավումը ձեռնարկատիրությունում համաշխարհային մակարդակով միջինից ցածր է: Հետաքրքրաշարժ է, որ գյուղական բնակչության շրջանում սկսնակ ձեռներեցներն ավելի շատ են, քան անգամ Երևանում, որը պայմանավորված է գյուղատնտեսությամբ և գյուղական համայնքներում աշխատատեղերի սակավությամբ:

 

Թեև ընդհանուր սկսնակ ձեռնարկատիրության մակարդակով Հայաստանը հարցմանը մասնակցած 50 երկրից առաջատարների շարքում է, կայացած բիզնեսի մակարդակով միջին դիրքում է (23­րդը 50­ից): Սա կարող է պայմանավորված լինել նրանով, որ սկսնակ ձեռներեցների համար խնդիրներն ու խոչընդոտներն ավելի շատ են, և նոր ձևավորվող բիզնեսի համար կայունության հասցնելը դժվար է:

 

Հայկական ձեռնարկատիրությունը կենտրոնացած է արդյունահանման՝ «էքստրակտիվ» (ի հաշիվ գյուղատնտեսության) և սպառման ոլորտներում (ի հաշիվ մանրածախ առևտրի). կայացած բիզնեսների 83%-ը և սկսնակ ձեռներեցների 63%-ը գործունեություն են ծավալում հենց այս 2 ճյուղում: Նշենք, որ սկսնակ ձեռնարկատիրության ճյուղային կառուցվածքը տարբերվում է կայացած ձեռնարկատիրության կառուցվածքից։ Չնայած երկուսում էլ գերակշռում են գյուղատնտեսությունն ու առևտուրը, բայց սկսնակ բիզնեսի ցուցանիշում դրանց ընդհանուր կշիռը 20 տոկոսային կետով պակաս է: Փոխարենը այստեղ 2 տոկոսային կետով ավել է արտադրության կշիռը, ավելի բարձր են սպասարկման ոլորտի, հատկապես հյուրանոցային և ռեստորանային բիզնեսի (ի հաշիվ զբոսաշրջության), ՏՀՏ ոլորտի և այլ անհատական ծառայությունների կշիռները: Բիզնես ծառայությունների (ՏՀՏ և մասնագիտական ծառայությունների) կշիռն ամենացածրն է, բայց ունի աճի ամենամեծ միտումները: Նշենք, որ որքան բարձր է ձեռնարկատերերի եկամուտը, այնքան ցածր է նրանց մասնաբաժինը արդյունահանող (էքստրակտիվ) ոլորտում:

 

Երիտասարդ ձեռներեցներն ավելի շատ զբաղվում են առևտրով, մինչդեռ ավելի տարեցները՝ գյուղատնտեսությամբ: Միաժամանակ, արդյունահանող ոլորտում բիզնես հիմնող երիտասարդների թիվն արդեն կայացած ձեռնարկատերերի համեմատ նվազում է, այսինքն՝ արդյունահանող ոլորտի կշիռը հայկական ձեռնարկատիրության կառուցվածքում ևս կնվազի: Որքան ձեռնարկատերերը երիտասարդ են, այնքան մեծ է սպառողական ծառայությունների (մեծ մասամբ մանրածախ առևտրի) կշիռը. 18-34 տարիքային խմբում ձեռնարկատերերի մոտ կեսը զբաղվում է սպառողական ծառայություններով:

 

Հայաստանում չափահասների միայն 0.6% է ներգրավված աշխա­տակիցների ձեռնարկատիրական գործունեությունում. այս ցուցանի­շով Հայաստանը 39-­րդն է 50­-ից: Աշխատակիցների ձեռնարկատիրական գործունեության ցածր մակարդակը Հայաստանում վկայում է, որ խոշոր ընկերությունների կողմից հետազոտությունների, մշակումների և նորարարությունների փոխանցումը և ներդնումը տնտեսության մեջ արդյունավետ չեն, որն իր հերթին ազդում է այդ ընկերությունների մրցունակության վրա, եթե ոչ հայկական շուկայում, ապա Հայաստանից դուրս: Հայաստանում աշխատակիցների ձեռնարկատիրական գործունեության մակարդակը մոտ է ԵԱՏՄ այլ երկրներին, բայց զգալիորեն ավելի ցածր է, քան զարգացած երկրներում:

 

Մոտիվացում և ձգտումներ

Հայ ձեռնարկատերերի շրջանում (ինչպես սկսնակ, այնպես էլ կա­յացած) բիզնես հիմ­նելու ամենատարածված շարժառիթն «ապրուստ վաստակելն է, որովհետև աշխատանք չկա», այսինքն՝ մարդիկ բիզնես են հիմ­նում՝ կարիքից, ոչ թե հստակ նպատակից դրդված. «աշխարհում մի բան փոխելու»՝ հստակ նպատակի վրա հիմ­նված շարժառիթով Հա յաստանն ամենացածր տեղերում է այլ երկրների համեմատ: Ապրուստ վաստակելու դրդապատճառով Հայաստանը Զեկույցի 50 երկրի մեջ առաջին տասնյակում է, իսկ Արևելյան Եվրոպայի 9 երկրից՝ 1-ինը: «Աշխարհում մի բան փոխելու», ինչպես նաև «հարստություն կուտակելու, կարողություն ստեղծելու» շարժառիթներն ավելի տարածված են նորաստեղծ, քան կայացած ձեռնարկատերերի շրջանում, որը կարելի է բացատրել նաև բիզնես ծառայությունների մասնաբաժնի աճով: Ամենաբարձր՝ «աշխարհում մի բան փոխելու» շարժառիթն ունեցող հայ ձեռնարկատիրոջ հավաքական կերպարը հետևյալն է՝ երիտասարդ (18-24 տարեկան) երևանցի կին՝ բարձրագույն կրթությամբ (բակալավր), 1 շնչի հաշվով ամենաբարձր եկամուտն ունեցող (100+ հազ. ՀՀ դրամ) ընտանիքից:

 

Սկսնակ հայ ձեռնարկատերերն ավելի շատ են հակված իրենց արտադրանքն արտահանելուն, քան կայացած բիզնեսները, մասնավորապես, սկսնակների 20.3% ակնկալում է, որ հասույթի մեկ քառորդից ավելին ստացվելու է արտերկրից, կայացածների՝ 17.1%: Սա թերևս վկայում է, որ նոր հիմնվող բիզնեսների սեփականատերերն ակնկալում են օգտվել ԵԱՏՄ շուկայի հնարավորություններից:

 

Ըստ սկսնակ ձեռնարկություններում նորարարական արտադրան­քի ներդրման՝ Հայաստանը Զեկույցի 50 երկրի շարքում միջին դիրք է զբաղեցնում (27-րդը 50­-ից), ըստ նորարարական գործընթացների և տեխնոլոգիաների՝ միջինից ցածր (36-­րդը 50-­ից): Հայաստանում աշխատող սկսնակ բիզնեսների 28.8% կամ բնակչության 6.0% պնդում է, որ ունի նորարարական արտադրանք, 22.2% (բնակչության 4.7%)՝ նորարարական գործընթաց կամ տեխնոլոգիա:

 

Ոչ ֆորմալ ներդրումներ և բաժնեմասի վաճառք/ելք
Հայաստանում բիզնես հիմ­նելու համար ոչ ֆորմալ ներդրում­ները շատ ավելի մեծ դեր են խաղում, քան այլ երկրներում: Բնակչության կողմից այլ անձանց բիզնեսում ներդրում կատարելու ցուցանիշով Հայաստանը 14-րդն է 2019թ. Զեկույցի 50 երկրից, իսկ Արևելյան Եվրոպայի 9 երկրի շարքում՝ 1-ինը: Մասնավորապես, 18-64 տարեկան բնակչության 7.9% նշել է, որ վերջին 3 տարում իրենք անձամբ ֆինանսական ներդրում են կատարել այլ անձի բիզնեսում: Սրան կարող է նպաստել սոցիալական և մշակութային արժեհամակարգը, բայց ընդհանուր առմամբ սա վկայում է, որ Հայաստանում նորաստեղծ բիզնեսներն ավելի շատ դժվարությունների են հանդիպում ֆինանսավորում հայթայթելիս:

 

Հիմ­նադրի կողմից բիզնեսը վաճառելուց/ելքից հետո բիզնեսի շարունակելիությունը Հայաստանում 2019թ. բավականին բարձր մա­կարդակում էր: Շնորհիվ ձեռնարկատիրական գործունեության ավելի բարձր մակարդակի՝ Հայաստանը 13-րդն է՝ ըստ հիմնադրի ելքի ցուցանիշի, սակայն ըստ ելքից հետո բիզնեսի շարունակելիության՝ միջին դիրքում է (հիմնադրի ելքից հետո ձեռնարկությունների միայն 1/3 է շարունակել գործել՝ 22-րդը 2019 Զեկույցի 50 երկրից, իսկ Արևելյան Եվրոպայում՝ 2-րդը՝ զիջելով միայն Խորվաթիային): Հիմնադրի ելքից հետո բիզնեսի շարունակելիության բարձր մակարդակն ավելի բնորոշ է զարգացած երկրներին: Հարկ է նշել, որ 2019թ. Հայաստանում հիմնադրի ելքի 85% դեպքերում պատճառը բացասական էր (ձախողում, վնաս), որը 2019թ. Զեկույցի ամենավատ ցուցանիշներից մեկն է (41-րդը 50-ից): Սա թերևս նշանակում է, որ երկրում դեռ առկա են ձեռնարկատիրությունը խոչընդոտող հանգամանքներ, ինչպես նաև այլ խնդիրներ, օրինակ՝ ցածր հմտություններ, ձեռնարկատիրական անբավարար կրթություն:

 

Ձեռնարկատիրության համատեքստը

Հայաստանի և այլ երկրների ցուցանիշների միջև ամենամեծ դրական տարբերությունն արձանագրվել է հետևյալ բաղադրիչների գծով՝ պետական քաղաքականություն (հարկային ռեժիմ, բյուրոկրատիայի մակարդակ՝ 7­-րդը 54-­ից) և մշակութային և սոցիալական նորմեր (11-­րդը 54-ից): Եթե մշակութային և սոցիալական արժեքները Հայաստանում ավանդաբար ընկալվում են որպես ձեռնարկատիրությանը նպաստող գործոն, ապա պետական քաղաքականության, մասնավորապես՝ հարկային ռեժիմի և բյուրոկրատիայի մակարդակի դրական գնահատականը բավականին անսպասելի է, քանի որ այս գործոնը տարիներ շարունակ համարվում էր Հայաստանում ձեռնարկատիրության հիմնական խոչընդոտներից մեկը: 2019թ. արձանագրված այդ փոփոխությունը Հայաստանում քաղաքական և տնտեսական փոփոխությունների արդյունք է: Թավշյա հեղափոխությունից հետո նոր կառավարությունը հայտարարեց կոռուպցիայի դեմ պայքարելու մտադրության մասին և ձեռնամուխ եղավ պետական հաստատությունների թափանցիկության բարձրացմանը: Ըստ փորձագետների միջին գնահատականի՝ հարկային ռեժիմի և բյուրոկրատիայի ցուցանիշով Հայաստանն ունի 5.42 միավոր 10 միավորանոց սանդղակով, մինչդեռ Զեկույցի 54 երկրի միջին ցուցանիշը 4.02 է:

 

Ձեռնարկատիրության հետևյալ բաղադրիչներով Հայաստանը զիջում է Զեկույցի միջին ցուցանիշին՝ (1) ձեռնարկատիրական կրթություն, (2) հետազոտությունների և մշակում­ների ներդնում, (3) պետական ծրագրեր և (4) ֆինանսավորում: Երկրում ձեռնարկատիրությունը խթանելու համար նախ և առաջ պետք է զարգացնել այս չորս ոլորտները:

 

Հայաստանում ձեռնարկատիրական միջավայրի հետագա զար­գացման հիմքում պետք է լինի սկսնակ բիզնեսի համար աճի և կա­յացման բարենպաստ պայմաններ ստեղծելը: Ձեռնարկատիրության ազգային համատեքստի ցուցանիշով ամենաբարձր դիրքերն զբաղեցնող երկրներում սկսնակ և կայացած բիզնեսների բաշխվածությունն ավելի հավասարաչափ է, մինչդեռ Հայաստանում գերակշռում են սկսնակ բիզնեսները:

 

Աղբյուրը՝ «Ձեռնարկատիրության Համաշխարհային Զեկույց․ Հայաստան 2019/2020»

Դիտվել է՝ * անգամ

Լրահոս

  • 2021-03-10
  • Փոփոխություններ և լրացումներ են իրականացվել կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 25-րդ միջոցառման մեջ
  • 2021-03-09
  • Պարզեցվել է էքպրես բեռների տեղափոխման ընթացակարգը
  • 2021-02-26
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ – 7,5%
  • 2021-02-23
  • 2020թ․ Հայաստանի տնտեսական աճը` -7.6 տոկոս
  • 2021-02-17
  • Հաշվարկային փաստաթղթերի քանակի և արտացոլված շրջանառության աճ․ ՊԵԿ
  • 2021-02-04
  • ՀՀ կառավարությունը տեղաբաշխել է 750 միլիոն դոլար ծավալով եվրապարտատոմսեր
  • 2021-02-02
  • Վերաֆինանսավորման տոկոսադրույքը 5.5%
  • 2021-02-01
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ – 7,5%
  • 2021-01-29
  • ԵԱՏՄ ազգային արժույթների դերը միջազգային հաշվարկներում
  • 2021-01-20
  • 1000 խոշոր հարկ վճարողները
  • 2021-01-15
  • Հայաստանի սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը կազմել է 3.7%
  • 2021-01-13
  • ՀՀ կենտրոնական բանկը ՀՀ արտարժութային շուկայում կիրականացնի գործառնություններ
  • 2021-01-12
  • ԵԱԶԲ-ի աջակցությամբ AMX-ում կներդրվի առևտրային նոր համակարգ
  • 2021-01-12
  • 2021թ․ տնտեսական աճը Հայաստանում կկազմի 3,1%. ՀԲ
  • 2021-01-12
  • «Կոմիտաս-150» հուշադրամը` «Տարվա հուշադրամը» անվանակարգում
  • 2020-12-28
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ – 7.2%
  • 2020-12-15
  • Վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացվել է 1.0 տոկոսային կետով. ԿԲ
  • 2020-12-04
  • Խնդրահարույց վարկերի աճը շատ ավելի փոքր է, քան պատմականորեն արձանագրվել է ցնցումների ժամանակ. ԿԲ
  • 2020-12-03
  • Ներկայում և դիտարկելի ապագայում գնաճի անկառավարելի արագացման էական ռիսկեր չկան. ԿԲ
  • 2020-12-03
  • 2019թ. Հայաստանում աղքատության մակարդակը գնահատվել է 26.4%։
  • 2020-11-25
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ – 6,7%
  • 2020-11-24
  • Կենտրոնական բանկը ՀՀ արտարժութային շուկայում կիրականցնի գործառնություններ
  • 2020-09-25
  • Եվրահանձնաժողովը Covid-19-ի հետևանքները մեղմելու և դատական բարեփոխումների համար Հայաստանին կհատկացնի ընդհանուր 60 մլն եվրո
  • 2020-09-25
  • Հաստատվել է կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 25-րդ ծրագիրը
  • 2020-09-24
  • ՀՀ ԿԲ նախագահի տեղակալ Ն․ Երիցյանի ելույթը խորհրդարանական լսումների ժամանակ
  • 2020-09-24
  • 2020 թվականի օգոստոսին` հուլիսի համեմատ աշխատատեղերն ավելացել են շուրջ 5 հազարով․ ՊԵԿ
  • 2020-09-22
  • Վարշավայի ֆոնդային բորսան մտադիր է ձեռք բերել Հայաստանի ֆոնդային բորսան
  • 2020-09-17
  • Ամփոփվել են պետական աջակցության 17-րդ միջոցառման 1-ին ու 2-րդ ծրագրերով դրամաշնորհային մրցույթների արդյունքները
  • 2020-09-17
  • «Համաշխարհային նորարարության համաթիվ 2020» զեկույցում Հայաստանը 3 տեղով բարելավել է իր դիրքը
  • 2020-09-16
  • Ֆինանսական վնասաբեր ծրագրերի գրոհները Հայաստանում ուժգնացել են
  • 2020-09-15
  • Վերաֆինանսավորման տոկոսադրույքը նվազեցվել է 0.25 տոկոսային կետով
  • 2020-09-10
  • Փոփոխություններ՝ պետական ռեգիստրի կողմից մատուցվող ծառայություններում
  • 2020-09-10
  • Մրցույթ COVID-19-ի դեմ պայքարում լավագույն թվային լուծումների համար
  • 2020-09-10
  • MasterCard-ը ԿԲ թվային արժույթի փորձարկման համար հարթակ է գործարկել
  • 2020-09-09
  • Անհրաժեշտ հմտությունները ըստ Համաշխարհային տնտեսական ֆորումի
  • 2020-09-04
  • ՀՀ կենտրոնական բանկն ընդլայնել է հրապարակվող վիճակագրական տեղեկատվության ցանկը
  • 2020-08-31
  • IDBank-ը դոլարային պարտատոմսերի 2020 թվականի 2-րդ թողարկումն է իրականացրել
  • 2020-08-31
  • Համաշխարհային ավտոարտադրողները $250 մլրդ-ի եկամուտ են կորցրել
  • 2020-08-28
  • Ֆինանսների նախարարության հանրային հաշվետվությունը հարկային համակարգում իրականացված բարեփոխումների վերաբերյալ
  • 2020-08-28
  • Քննարկվել են համընդհանուր հայտարարագրման իրականացման մեխանիզմները
  • 2020-08-27
  • Կառավարությունը հաստատել է Կապսի ջրամբարի ծրագրի շրջանակում հողերի ձեռքբերման և վերաբնակեցման միջոցառումները
  • 2020-08-27
  • Հաստատվել է Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման 2020-2024թթ․-ի ռազմավարությունը
  • 2020-08-21
  • ԱԱՀ-ի վճարման ժամկետը երեք տարով հետաձգելու արտոնություններ
  • 2020-08-20
  • Առաջատար բանկերի փորձը COVID-19-ի ընթացքում
  • 2020-08-18
  • Մեկնարկում է ՄԻԱՍԻՆ նախագիծը
  • 2020-08-14
  • Պետական օժանդակության 24-րդ միջոցառում
  • 2020-08-14
  • 22 միջոցառումներով շահառուներին հասանելի է դարձել ընդհանուր առմամբ 144,5 մլրդ դրամ
  • 2020-08-14
  • Կառավարությունը տրամադրել է հերթական արտոնությունները
  • 2020-08-13
  • Պետական օժանդակության 23-րդ ծրագիր
  • 2020-08-10
  • Կորոնավիրուսից տուժած 550 հազարից ավելի ֆիզիկական անձ օգտվել է վարկերի վերանայման հնարավորությունից
  • 2020-08-05
  • Գյուղոլորտում իրականացվող պետաջակցության ծրագրերի ընթացիկ արդյունքները
  • 2020-08-04
  • Հայաստանի ֆոնդային բորսայում ցուցակված պարտատոմսերն առաջին անգամ փոխցուցակվել են արտասահմանյան ֆոնդային բորսայում
  • 2020-08-04
  • Զգալի նվազել է պետության պարտքը տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ
  • 2020-08-03
  • Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 21-րդ միջոցառման շահառու 12,857 տնտեսվարող ընդհանուր առմամբ ստացել է շուրջ 2.6 մլրդ դրամ
  • 2020-07-28
  • Հարկաբյուջետային քաղաքականությունը կդառնա խթանող՝ հակազդելով կորոնավիրուսի համավարակի (COVID-19) հետևանքներին
  • 2020-07-28
  • Վերաֆինանսավորման տոկոսադրույքն անփոփոխ՝ 4.50%
  • 2020-07-27
  • Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ -7,5 տոկոս
  • 2020-07-27
  • Հյուրանոցային ոլորտում գործազրկությունը աննախադեպ է և գնալով աճում է
  • 2020-07-27
  • Համավարակի պատճառով առաջին դասարան գնալու պատրաստվող 40 միլիոն երեխա զրկվել է նախադպրոցական կրթությունից
  • 2020-07-24
  • Հեռահաղորդակցության չորս խոշոր խաղացողների հարկերը 47.8%-ով ավելացրել են առաջին կիսամյակում
  • 2020-07-23
  • Առաջինը տարածաշրջանում Հայփոստը գործարկում է դրամական փոխանցումների նոր համակարգ
  • 2020-07-23
  • Մեկնարկել է 19-րդ հակաճգնաժամային միջոցառման հայտերի ընդունումը
  • 2020-07-23
  • Մեկնարկում է մաքսային վարչարարության գնահատման ծրագիրը
  • 2020-07-23
  • ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը և PwC Արմենիան համատեղ հետազոտություն են կատարել կորոնավիրուսի վերաբերյալ
  • 2020-07-21
  • ԱՃԹՆ-ի խորհուրդը Հայաստանին շնորհել է ամենաբարձր գնահատականը
  • 2020-07-20
  • 2020թ. առաջին կիսամյակի 1000 խոշոր հարկ վճարողները
  • 2020-07-19
  • Պետական աջակցության 1-ին և 2-րդ ծրագրերով բավարարվել է 17331 վարկային հայտ, տրամադրվել՝ ավելի քան 82 մլրդ դրամ
  • 2020-07-19
  • Հայաստանը վերացրել է ԵԱՏՄ երկներից պետգնումներում մասնակցելու խոչընդոտները
  • 2020-07-16
  • ԱԺ-ն քննարկեց թվայնացման համար աշխատանքային գրքույկների ներկայացման ժամկետը երկարաձգելու հարցը
  • 2020-07-16
  • Բորսայում կայացավ 60 միլիարդ դրամ ծավալի պետական պարտատոմսերի աննախադեպ աճուրդ
  • 2020-07-09
  • Խմիչքի արտադրության ոլորտում կիրականացվի 1,6 մլրդ դրամի ներդրումային ծրագիր
  • 2020-07-09
  • ՊԵԿ-ն ամփոփում է 2020 թվականի 1-ին կիսամյակում ապահովված եկամուտները
  • 2020-07-07
  • Համավարակի պատճառով եվրոգոտու պետությունների ՀՆԱ-ի անկումը կկազմի 8,7 տոկոս
  • 2020-07-03
  • ԵԱՏՄ շրջանակում Հայաստանը մեկ տարով մաքսատուրքի արտոնություն է ստացել
  • 2020-07-03
  • 2019 թ. արձանագրված 7.6 տոկոս տնտեսական աճը լավ պաշար է 2020-ի համար
  • 2020-06-30
  • EBRD-ն ու UNWTO-ն կաջակցեն Հայաստանում զբոսաշրջության վերականգնմանը
  • 2020-06-30
  • ՀՀ-ը բարելավել է դիրքերը «Տնտեսական ազատության ինդեքսում»
  • 2020-06-28
  • 20 միլիոն ԱՄՆ դոլար կուղղվի COVID-19-ից տուժած ՄՓՄՁ-ների ֆինանսավորմանը
  • 2020-06-25
  • Ազգային ժողովն ամբողջությամբ ընդունել է գույքահարկի նոր համակարգ սահմանող օրինագիծը
  • 2020-06-25
  • Պետական օժանդակության 22-րդ ծրագիր

    Ամենաընթերցված

    7 օր 30 օր