Բրիտանական գաղութ համարվող Սինգապուրը Երկրորդ աշխարհամարտին բռնազավթվեց Ճապոնիայի կողմից: Պատերազմի ավարտին Սինգապուրն «ախտահարել» էին լայնորեն տարածվող հանցագործությունները, սովը, համաճարակները, կաշառակերությունը և ծայրահեղ աղքատությունը: Մի քանի տարիների համառ փորձերը Մեծ Բրիտանիային չօգնեցին սինգապուրցիների շրջանում վերականգնել հեղինակությունն ու վստահությունը: Սկիզբ էր առել հակագաղութային, ազգայնական շարժում, որն արտահայտվում էր «մերդեկա» (մալայերենով՝ «անկախություն») կարգախոսով:
1965 թվականին Սինգապուրը վերջնական անկախություն ձեռք բերեց: Առաջին վարչապետ Լի Կուան Յուի գլխավորած քաղաքականության միջոցով ստեղծվեց «սինգապուրյան հրաշքը», որն անհնար կլիներ առանց կրթական բարեփոխումների: Դրա համար նրանք մի կողմից փորձում էին կանխել «ուղեղների արտահոսքը», իսկ մյուս կողմից՝ ստեղծել իրական խնդիրների լուծմանն ուղղված կրթական համակարգ: Քանի որ պետության առաջ ծառացած խնդիրները մշտապես փոխվում են, տարիների ընթացքում փոփոխությունների ենթարկվեց նաև Սինգապուրի կրթական համակարգը:
- 1960-ական թվականներին կրթական համակարգի գլխավոր խնդիրը «գոյատևելն» էր, որի համար դպրոցի ընդհանուր կրթական ծրագրում մեծացվեց տեխնիկական կրթության մասնաբաժինն ու ներդրվեց երկլեզու (անգլերեն և մայրենի լեզու (մանդարին, թամիլերեն կամ մալայերեն)) քաղաքականությունը:
- Երբ այլ երկրների հետ համեմատությամբ նորմալ կրթական համակարգի տարրական պահանջներն ապահովված էին, 1970-ականներին կրթական համակարգի գլխավոր խնդիրը դարձավ «արդյունավետության բարձրացումը»: Աշխատուժը պետք է կարողանար բարձր մակարդակով սպասարկել ներքին կարիքները և իրապես ծառայել տնտեսությանը:
- 1980-ականներին նկատվեց նախկինում գործող ունիվերսալ ու կոշտ կրթական համակարգի փոփոխության անհրաժեշտություն. անցում կատարվեց «ունակությունների վրա հիմնված»կրթական համակարգի, որի դեպքում սովորողի նկատմամբ ցուցաբերվում էր խիստ անհատական մոտեցում: Այս փուլը կարելի է համարել քանակական բարելավումից անցում որակականին:
Սինգապուրի կրթական համակարգի զարգացումն ապահովելու համար 1960-ականներից աստիճանաբար մեծացվեցին կրթության ոլորտի պետական ծախսերը: Վերջին տարիներին դրանք կայունացել են ու 2018թ. տվյալներով կազմում են պետական բյուջեի մոտ 18.4%-ը և ՀՆԱ-ի՝ մոտ 2.5%-ը:
Սինգապուրում նախադպրոցական կրթությունն իրականացվում է ցերեկային խնամքի հաստատություններում (3-4 տարեկանների համար) և մանկապարտեզներում (4-6 տարեկանների համար): Մանկապարտեզների վճարը կախված է պահանջարկի մեծությունից: Օրինակ՝ համեմատաբար բարձր պահանջարկ ունեցող պետական մանկապարտեզների ամսական վճարը մոտ 230 ԱՄՆ դոլար է: Մանկապարտեզում երեխայի կրթության առաջ դրվում են երեք հիմնական նպատակներ՝ վստահության կառուցում, սոցիալական հմտությունների զարգացում, գրագիտության և թվաբանության տարրական հիմքի ապահովում: Իսկ ուսումնական ծրագրի մշակման համար մանկապարտեզներն ունեն լայն ինքնավարություն և երեխաներին կարող են սովորեցնել այն, ինչն առավել կարևոր են համարում՝ թվաբանությունից մինչև խոհարարություն, լեզուներից մինչև բացօթյա խաղեր:
Տարրական դպրոցը վեցամյա է: Առաջին 4 տարին համարվում է հիմնարար փուլ, վերջին 2 տարին՝ կողմնորոշման փուլ: Հիմնարար փուլը կենտրոնանում է անգլերենի, մայրենի լեզվի, մաթեմատիկայի և գիտության ուսուցման վրա, սակայն ուսումնասիրում են նաև արվեստ, երաժշտություն, ֆիզկուլտուրա, հասարակագիտություն, խառնվածքի և քաղաքացիական կրթություն: Վարչապետության առաջին տարիներին Լի Կուան Յուն հայտարարեց, որ անգլերենը պետք է դառնա առօրյա հաղորդակցության լեզու: Անգլերենին առանձնահատուկ ուշադրություն է դարձվում նաև այժմ: Այդ քաղաքականության շնորհիվ Սինգապուրը կարողացավ ավելի արագ ինտեգրվել միջազգային հարաբերությունների ու բիզնեսի մեջ: Կողմնորոշման փուլում աշակերտի ուսումնական ծրագիրը կազմվում է ըստ չորս հիմնական առարկաների՝ անգլերենի, մայրենի լեզվի, մաթեմատիկայի և գիտության առաջադիմությունների, որոնք գնահատվում են ստանդարտ ու սկզբնական մակարդակներով (մայրենի լեզվի դեպքում կարող է լինել նաև բարձրագույն մակարդակ): Աշակերտը կարող է չորս առարկայից էլ ունենալ ստանդարտ, կամ չորսից էլ՝ սկզբնական մակարդակ. դա ոչ լավ է, ոչ վատ, կարևորն այն է, որ աշակերտը սովորի իր սեփական «տեմպով»՝ հաշվի առնելով անհատական բնութագրիչները: Չորս առարկաների ցանկացած համադրություն հնարավոր է.
- 4 ստանդարտ,
- 3 ստանդարտ և 1 սկզբնական,
- 2 ստանդարտ և 2 սկզբնական,
- 1 ստանդարտ և 3 սկզբնական,
- 4 սկզբնական:
Ունակությունների վրա հիմնված կրթությունը չի սահմանափակվում առաջադիմության մակարդակների հոսքերի ստեղծմամբ, կան նաև աշակերտի պոտենցիալը բացահայտելուն և իրացնելուն ուղղված առանձին ծրագրեր: Դրանցից ամենահինը «Շնորհալիների կրթության ծրագիրն» (The Gifted Education Programme, GEP) է, որն իրականացվում է 1984 թվականից: Ծրագրի միջոցով հավաքագրվում է տարրական դպրոցի 3-րդ դասարանի աշակերտների լավագույն 1%-ը (նախկինում՝ 0.25%-ը), որը 4-6-րդ դասարանների կրթությունը պետք է շարունակի ծրագրի հատուկ հոսքում (իսկ եթե տվյալ դպրոցը չունի նման հոսք, աշակերտը պետք է փոխի դպրոցը): Շնորհալի երեխաներին ընտրելու համար իրականացվում է երկփուլ քննություն, որում ներառված են դիտարկման (մաթեմատիկա ու անգլերեն) և ընտրության (ընդհանուր ունակություններ) ստուգումները: Գնահատվում են երեխայի բանավոր, մաթեմատիկական ու տարածական ունակությունները:
Շնորհալիների կրթության ծրագրի հոսքում մայրենի լեզվից բացի մյուս առարկաները ուսումնասիրվում են ոչ թե դասագրքերով ու տետրերով, այլ քննարկումներով, բանավեճերով ու թիմային նախագծեր իրականացնելով: 4-րդ դասարանցիների համար իրականացվում են հետազոտական հմտությունները զարգացնող նախագծեր: Իսկ 5-րդ դասարանցիները իրենց հետաքրքրությունների շրջանակներում ընտրում են ինչ-որ ուղղություն, որը պետք է հետազոտեն մենթոր-ուսուցիչների ղեկավարությամբ: Յուրաքանչյուր մենթոր աշխատում է 4-5 աշակերտի հետ: Կան ընտրության մի քանի տարբերակներ.
- Անհատական հետազոտություններ, որի դեպքում պետք է հետազոտել որևէ երևույթ և ներկայացնել կատարված բացահայտումները,
- Նորամուծությունների ծրագիր, երբ սովորողները հայտնագործում կամ կատարելագործում են առօրյա խնդիրներ լուծող տարբեր իրեր,
- Ապագա խնդիրների լուծում, որի դեպքում աշակերտները փորձում են լուծել այն խնդիրները, որոնց վաղը առերեսվելու է հասարակությունը:
Սինգապուրի կրթությունը բազմիցս քննադատվել է կրթական գործընթացում GEP-ի և այլ խիստ ընտրողական ծրագրերի միջոցով, այսպես կոչված, «էլիտայի» ստեղծման համար: Ըստ քննադատների՝ դա հանգեցնում է դպրոցականների, ապա հասարակության բարոյահոգեբանական մասնատման: Այս խնդիրը գիտակցելուց հետո 2007 թվականից GEP հոսքը թեպետ ինքնին չի վերացվում, սակայն աստիճանաբար ինտեգրվում է մյուս սովորական հոսքերի հետ՝ միացյալ դասերի կամ համատեղ նախագծերի միջոցով խթանելով երեխաների սոցիալականացումը:
Տարրական դպրոցն ավարտելիս երեխաները հանձնում են PSLE (Primary School Leaving Examination) քննությունը, որով որոշվում է իրենց հետագա դերը միջնակարգ դպրոցում: Ի տարբերություն շատ այլ երկրների՝ Սինգապուրում միջնակարգ դպրոցը չի բաժանվում միջին ու ավագ եռամյա դպրոցների: Այստեղ կա միայն միջնակարգ դպրոց, որը հոսքից կախված կարող է ունենալ տարբեր տևողություն՝ 4, 5 կամ 6 տարի: Միջնակարգ դպրոցում կան էքսպրես, նորմալ-ակադեմիական և նորմալ-տեխնիկական հոսքեր (գծ. 1)։
Էքսպրես հոսքն ունի երկու կրթական ծրագիր.
«O մակարդակի ծրագիրը» (4 տարի) հնարավորություն է տալիս ունենալ «Կրթության ընդհանուր հավաստագրի» (ԿԸՀ) սովորական (ordinary) մակարդակ: Տարրական դպրոցում ուսումնասիրվող առարկաներին ավելանում են հումանիտար գիտությունները, այդ թվում՝ աշխարհագրությունը, պատմությունը և գրականությունը (անգլերենով), դիզայնը և տեխնոլոգիան, սննդի և սպառողական կրթությունը, նախագծային աշխատանքը: Կան նաև ընտրովի առարկաներ, որոնք շատ բազմազան են՝ համակարգչային գիտությունից մինչև դրամա: Ընդհանուր առմամբ՝ կարևոր դերակատարում ունեն անգլերենը, մայրենի լեզուն, մաթեմատիկան, բնական և հումանիտար գիտությունները:
«Ինտեգրված ծրագիրը» (6 տարի), որը տալիս է ԿԸՀ-ի A` բարդ (advanced) մակարդակ: Այստեղ առարկաների կազմն ու կառուցվածքը դպրոցից կախված խիստ տարբեր են: Եթե O մակարդակի ծրագիրը «ուղեգիր» է տալիս դեպի կրտսեր քոլեջ կամ Տեխնիկական կրթության ինստիտուտ (պոլիտեխնիկ), ապա A մակարդակի «Ինտեգրված ծրագիրը»՝ միանգամից դեպի համալսարան:
Գծ. 1. «Կրթության ընդհանուր» հավաստագրի մակարդակներն ու դրանք ապահովող դպրոցական հոսքերը Սինգապուրում
Նորմալ-ակադեմիական հոսքում դասավանդվում են նույն առարկաները, ինչ էքսպրես հոսքի «O մակարդակի ծրագրում», սակայն այստեղ ևս կան երկու ծրագրեր, որոնք ունեն տարբեր տևողություններ ու հեռանկարներ.
«N(A) (նորմալ-ակադեմիական) մակարդակի ծրագիրը» տևում է 4 տարի, սակայն հնարավոր չէ ընդունվել ո՛չ համալսարան, ո՛չ էլ պոլիտեխնիկ: Կարելի է միայն մասնակցել պոլիտեխնիկի կողմից իրականացվող տարբեր կրթական ծրագրերի կամ շարունակել կրթությունը միջնակարգ դպրոցի 5-րդ դասարանում և ստանալ հաջորդ՝ O մակարդակը:
«O մակարդակի ծրագիրը» 5-ամյա է, և կարելի է ընդունվել կրտսեր քոլեջ կամ Տեխնիկական կրթության ինստիտուտ (պոլիտեխնիկ):
Նորմալ-տեխնիկական հոսքում կա մի ծրագիր (4 տարի), որը տալիս է N(T) (նորմալ-տեխնիկական) մակարդակի հավաստագիր ստանալու հնարավորություն: Ուսումնասիրվում են նույն առարկաները, սակայն գլխավոր դերակատարում ունեցող առարկաների շարքում բնական ու հումանիտար գիտություններին փոխարինում են հասարակագիտությունն ու, իհարկե, համակարգչային գիտությունը: Նորմալ-տեխնիկական հոսքը ավարտողները ստանում են աշխատաշուկայում պահանջարկ ունեցող շատ հմտություններ, սակայն, ինչպես և N(A) մակարդակի դեպքում, չեն կարող միանգամից ընդունվել պոլիտեխնիկ կամ համալսարան:
Սինգապուրի կողմից դպրոցական կրթության ոլորտում կատարված ծախսերն ու ներդրված կայուն ջանքերն անարդյունք չեն եղել. սինգապուրցի 15-ամյա դպրոցականներն աշխարհի ամենախելացի պատանիներից են (գծ. 2): Ընդ որում՝ բրիտանական կրթության հետքի շնորհիվ այստեղ դպրոցականներին շատ չեն ծանրաբեռնում. դպրոցական տարին ունի 190 օր, իսկ դպրոցական օրն ունի ընդամենը 6 ժամ, ի տարբերություն, օրինակ, Չինաստանի, որտեղ երեխաները դպրոց են հաճախում տարեկան 240 օր, օրը՝ մոտավորապես 9.5 ժամ:
Գծ. 2. Սինգապուրցի դպրոցականների հավաքած միավորներն ու զբաղեցրած դիրքերը PISA-ի արդյունքներում (2009-2018թթ.)
Դպրոցական կրթության սինգապուրյան մոտեցումը շատ նման է Իսրայելի փորձին. երկուսն էլ գտնում են տաղանդների և նրանց դարձնում հանճար: Այս մոտեցմամբ պայմանավորված` Իսրայելում տուժում է միջին վիճակագրական աշակերտը, ով անտեսվելով՝ թուլանում է ու դրսևորում շատ ցածր ակադեմիական կատարողական (PISA-ում իսրայելցի երեխաները միշտ զբաղեցնում են 30-40-րդ տեղերը): Սակայն Սինգապուրը ճկուն հոսքային կրթաձևի ու երեխաների նկատմամբ անհատական մոտեցում ցուցաբերելու շնորհիվ հավասարակշռում է այդ երկու, առաջին հայացքից իրարամերժ, բայց իրականում համատեղելի մոտեցումները՝ տաղանդներին դարձնելով հանճար, առաջադեմներին՝ տաղանդավոր, իսկ թույլերին՝ առաջադեմ:
Այս թեմայով՝
2020-07-11 Թայվանի դպրոցական կրթությունը
2020-06-29 Հոնկոնգի դպրոցական կրթությունը
2020-06-15 Իսրայելի դպրոցական կրթությունը
2020-06-06 Ֆինլանդիայի դպրոցական կրթությունը
2020-05-23 Ճապոնիայի դպրոցական կրթությունը
2020-04-13 Չինաստանի դպրոցական կրթությունը